ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաեւ ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար  Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ԿՏԶ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաչե Տերտերյանը նախարար Դավիթ Լոքյանի  անունից ողջունել է  Ֆրանս Վիկերսին եւ բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ առկա համագործակցությունը: Փոխնախարարը հատկապես կարեւորել է գործակցության փաթեթում առկա երկու ծրագրերը` «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ  կենցաղային  թափոնների կառավարման  ծրագիր»-ը եւ «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր»-ը:

Վաչե Տերտերյանի խոսքով, ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաեւ ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են:  «Դրանք նաեւ հեռանկարային են մասնավոր հատվածին այս ծրագրերում ներգրավելու առումով: Բացի այդ, ՎԶԵԲ-ի ներկայացվածությունը կարեւոր է  նաեւ այլ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում, որոնք միտված կլինեն գործարարության զարգացմանը եւ տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Այս ծրագրերը կարեւոր են նաեւ պետություն-համայնք-մասնավոր հատված գործակցության համատեքստում, քանի  որ առաջին անգամ այն համայնքները, որտեղ իրականացվելու են ծրագրերը, ներգրավվելու են որպես վարկային գործընթացի մասնակիցներ»,-նշել է փոխնախարարը:

 Ֆրանս Վիկերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ է 2016թ. մայիսից եւ այցի նպատակն է տեղում ծանոթանալ համագործակցության ընթացիկ վիճակին եւ գործակցության նոր հնարավորություններին:

 Հադիպման ավարտին Վաչե Տերտերյանը  շնորհակալություն է  հայտնել  համագործակցության համար, վստահեցրել, որ Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերն  առաջիկայում ավելի  ընդլայնվելու են եւ ամրապնդվելու: