«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությունը նախընտրական արշավին, հնարավոր է, երկրի քաղաքական կյանքում ուղղումներ մտցնեն, եթե նրանց ձեւավորած միավորումները փոփոխություններին ուղղված ծրագրեր ներկայացնեն: Այս մասին հունվարի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականության մեջ սերնդափոխություն է անհրաժեշտ: «Մենք երկուսին էլ ճանաչում ենք, ծանոթ ենք նրանց անցած ճանապարհին, նրանց նկատմամբ կա եւ՛ դրական, եւ՛ բացասական վերաբերմունք»,- հավելեց Պողոսյանը:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք Ծառուկյանի վերադարձը իշխանությունների նախաձեռնած ծրագրի մի մասը չէ՞, պատգամավորը նշեց, որ այդ ամենը կպարզվի ներկայացված ծրագրերում: «Եթե մարդիկ ասում են, որ ընդդիմադիր են լինելու, արդյոք դա միայն քննադատությո՞ւն է նախատեսում, թե՞  նրանք նախընտրական ծրագիր կառաջարկեն: Ինչ տարբերություն՝ դա իշխանության ծրագիրն է, թե ոչ, եթե տվյալ քաղաքական ուժը քաղաքական լուծումներ չառաջարկի»,- հավելեց Թեւան Պողոսյանը: