Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ երկրում ստեղծված իրավիճակի համար իշխող Հանրապետական կուսակցության հետ պատասխանատվությունը կլիսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական վատ մթնոլորտը՝ ինշխանությունն ինքն է փորձում մաքրվել: «Հովիկ Աբրահամյանի դեպքում չեմ կարծում, որ սեպտեմբերին իր հետ տեղի ունեցածից հետո, երբ վարչապետի պաշտոնից հանվեց, ինչ-որ առանձնահատուկ բան տեղի ունեցավ: Ըստ երեւույթին, նրան տանջում էր այն իրավիճակը, երբ այլեւս վարչապետ չլինելով՝ արդեն ոչ մի դիվիդենտ չի ստանում: Կարծում եմ, որ նա որոշել է դուրս գալ՝ սպասելու եւ ՀՀԿ-ի հետ պատասխանատվությունը չկիսելու համար, եթե դրա դիմաց ոչինչ չի ստանալու»,- նշեց Մինասյանը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը կմիանա՞ այլ քաղաքական ուժերի եւ արդյոք կարո՞ղ է համալրել ընդդիմության շարքերը, քաղաքագետն ընդգծեց. «Աբրահամյանը բավական խելացի եւ հաշվենկատ մարդու տպավորություն է թողնում: Չեմ կարծում, որ նա կցանկանա այն ճանապարհով գնալ, որով մի անգամ Ծառուկյանն է գնացել, ինչի համար ստիպված էր վճարել, այդ թվում՝ նաեւ իր բիզնեսի մի մասով»:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարել է, որ լքում է Հանրապետական կուսակցության շարքերը: Ըստ որում՝ նախկին վարչապետը նշել է, որ կշարունակի քաղաքականության մեջ մնալ: Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի փոխնախագահն էր, կուսակցության Գործադիր մարմնի եւ խորհրդի անդամը:




























