Փորձ է արվում անտեսել ուրիշի փոխարեն քվեարկած 4 պատգամավորների վերաբերյալ դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա եւ իրավունք» ՀԿ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«2016 թվականի դեկտեմբերի 17-ին «Մեդիա եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը հերթական անգամ դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 4 պատգամավորների հարցով, ինչի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություն էր տարածել (https://mediaandlawngo.blogspot.am/2016/12/4.html):
Բանն այն է, որ «Մեդիա եւ իրավունքի» անդամ լրագրողները դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հերթական անգամ տեսանկարահանել էին, թե ինչպես են իշխող Հանրապետական կուսակցության թվով չորս պատգամավորները քվեարկում բացակայող պատգամավորների փոխարեն: Այդ անգամ ուրիշի փոխարեն քվեարկել էին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ Արկադի Համբարձումյանը: Տեսանյութերի հղումները՝ ստորեւ.
Մինչեւ այս պահը հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանը տարբեր լրատվամիջոցներում հայտարարել է, թե հանձնաժողովը վերոնշյալ դիմումը դեռեւս չի ստացել:
Եթե ՀՀԿ-ն նախորդ դիմումի քննության ժամանակ մարտավարություն էր մշակել՝ տապալելու ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների վերաբերյալ որոշումների կայացումը, ապա այս անգամ փորձ է արվում պարզապես անտեսել մեր դիմումը եւ ամեն կերպ ձգձգել հարցի վերաբերյալ որոշման կայացումը՝ անհնարին դարձնելով հարցի քննարկումը քարոզարշավի պայմաններում:
Առաջնորդվելով մեր կողմից որդեգրված սկզբունքներով՝ հունվարի 25-ին միեւնույն դիմումն այս անգամ 5 օրինակով կրկին ուղարկել ենք Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հույս ունենալով, որ 5 դիմումներից գոնե մեկը կհասնի հանձնաժողով, եւ հանձնաժողովը ստիպված կլինի այս հարցը վերջապես քննարկել»:




























