Համաշխարհային բանկն այսօր՝ նոյեմբերի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ներկայացրել է Doing Business 2011 զեկույցը, ուր երկրները դասակարգվում են ըստ բիզնես վարելու դյուրինության։

Հայաստանն այդ զեկույցում զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ ետընթաց ապրելով 4 կետով։

Հինգերորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Սինգապուրը։ Երկրորդ տեղում Հոնգ Կոնգն է, նրան հետեւում են Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը։ Ղազախստանը գլխավորում է նորմատիվաիրավական դաշտում ամենամեծ բարեփոխումներ իրականացրած երկրների շարքը։

Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշ ունի Վրաստանը՝ 12-րդ տեղ։ Անցյալ տարի այդ երկիրը 11-րդն էր։ Ադրբեջանը նույնպես 1 հորիզոնական առաջ է եկել, սակայն զբաղեցնում է 54-րդ տեղը։ Ղազախստանը 59-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 123-րդ, Ուկրաինան՝ 145-րդ, Թուրքիան՝ 65-րդ, Իրանը՝ 129-րդ։

Doing Business-ում երկրները գնահատվում են 9 հիմնական չափանիշներով։ Հայաստանը ավանդաբար վատ ցուցանիշ ունի հարկահավաքման ոլորտում, որտեղ մենք զբաղեցնում ենք 159-րդ տեղը։ Ի դեպ՝ հենց դրա շնորհիվ էլ Հայաստանը ետ է մնում այլ երկրներից, քանի որ մյուս չափանիշներով հիմնականում միջին դիրքերում ենք։ Օրինակ՝ սեփականության գրանցման դյուրինությամբ մենք նույնիսկ գտնվում ենք առաջատար տասնյակում՝ 5-րդ տեղ։ 22-րդ տեղն ենք զբաղեցնում ձեռնարկությունների գրանցման ոլորտում։

Doing Business-ի գնահատականների ճշտությանը թերեւս պետք է վերաբերել որոշ վերապահումներով։ Այլապես դժվար է պատկերացնել, որ Իսպանիան, որ Հայաստանից 1 հորիզոնական ետ է, ունի բիզնեսի վարման ավելի վատ պայմաններ։ Կամ՝ հեղափոխություններից ծվատվող Ղրղզստանը ակնհայտորեն Հայաստանին չի գերազանցում, թեեւ գրավել է 44-րդ հորիզոնականը։