Հայաստանի մաքսակետերը շատ ազատական ռեժիմով են սկսել ներդրողների հանդեպ աշխատել: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով, եթե ներկրող գործարարների մոտ փաստաթղթերը ապահովված են, «չարաբաստիկ 87 հոդվածով» (այս հոդվածով մաքսատան աշխատակիցները չեն ընդունում մաքսային ինվոյսով հայտարարագրված գները եւ հսկիչ գին են սահմանում-խմբ) փաստաթղթային մաքսային արժեքի ձեւակերպումը եւ ներկրումներն ազատ են. «Մնում է գործարարների խիզախությունը»:
Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ նախկինում գործարարները ազատորեն չէին կարողանում իրականացնել իրենց գործունեությունը, Ղազարյանը պատասխանեց. «Չենք կարող ասել, որ նախկինում չէին կարողանում: Նախկինում վարչաչությունն ավելի խիստ էր, եւ սուբյեկտիվ գործոնը մեծ էր եւ բարդ էր մաքսատներում: Այսօր ավելի ազատականացվել է»:
Անդրադառնալով մաքսատներում «հսկիչ գին» կիրառելուն, Արսեն Ղազարյանն ասաց. «Հսկիչ գնի մեթոդաբանական սկզբունքը կիրառելը պետք է, որովհետեւ մենք ունենք անբարեխիղճ գործարարներ, ունենք երկրներ, որտեղից ցանկացած փաստաթուղթ կարող են ստանալ: Եվ եթե գործարարի նկատմամբ անվստահություն կա, հսկիչ գին կիրառելը, որպես վերջին մեթոդ, անհրաժեշտ է: Դա հնարավոր չի վերացնել, բայց այն հանգամանքը, որ այսօր եվրոպական շուկայից ներկրման դեպքում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեմքում, որն է մաքսային դեկլարացիան, օրիգինալ ինվոյսները, արագ ստանում են: Իրավիճակը զգալի փոխվել է»:
Նրա խոսքով, կարեւոր է, որ փաստաթղթերի դեպքում՝ ընդունվի հայտարարագրված մաքսային արժեքը. «Հսկիչ գինը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ չկան փաստաթղթեր, արժեքի ձեւակերպման առումով անորոշություն է»:
Ինչ վերաբերում է նրան, որ հսկիչ գին սահմանելու դրույթը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, նա արձագանքեց. «Եթե վարչարարությունը չկատաելագործես, նույնիսկ իմ խոսքում կարող է կոռուպցիոն ռիսկ լինել»:



























