Կառավարության օրակարգում մշտապես կա ԵՏՄ այլ երկրների հետ կապող միակ ճանապարհին՝ Վերին Լարսին, այլընտրանք գտնելու, կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Իմ կարծիքով, այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, այլընտրանքային տարբերակ է նաեւ Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ եւ նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ:

Շատ կարեւոր է, որ Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանն մշտապես քննարկում են այս հարցը, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունը աճում է, թողունակության խնդիրն օրհասական է դառնում ոչ միայն եղանակային, այլեւ տեխնիկական պատճառներով»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք. «Մենք ունենք երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով օգտվում ենք մեկից»: