Երեւանի Արաբկիր վարչական շրջանում հունվարի 26-ին 12-րդ հարկից ընկած տղամարդն այդ շենքի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին շենքի բնակիչները:

Նրանց խոսքով, տղամարդը կլիներ մոտ 50 տարեկան, ամենայն հավանականությամբ նա ընկել է 12-րդ հարկից:

«Այդ հարկում մի տուն կա, որտեղ մարդ չի ապրում, բնակիչներն արտերկրում են, նախնական տվյալով, հենց այդ տնից է ընկել, սակայն թե ինչպես է այդ տանը հայտնվել, պարզ չի, ասում են` գողություն կատարելու համար էր մտել»,- ասացին հարեւանները:

Բնակիչների պատմելով` դեպքն ամենայն հավանականությամբ գիշերն է տեղի ունեցել, սակայն տղամարդու դին վաղ առավոտյան են հայտնաբերել: Դեպքին ականատեսներ չեն եղել:

Նշենք, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 4-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկը, սակայն այդ ընթացքում սայթաքել ու ընկել է: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 40-ամյա Արկադի Մխիթարյանն է, որը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության մեղադրանքով:

Դեպքի վայրի եւ դիակի զննությամբ հայտնաբերվել են լապտեր, պտուտակահան, ձեռնոցներ: 12-րդ հարկում հայտնաբերվել է բնակարանի պատուհանից հանված ցանցը: