Որոշ օդիոզ անձանց հեռացումը կոնկրետ նախագծված երեւույթ էր: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վերլուծաբան եւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի քաղաքական բաղադրիչին նա նշեց, որ այցի նպատակներից մեկն էլ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխության մեսիջը Ռուսաստանին հասցնելն էր։
«Мир» հեռուստատեսությանը տված հարցազրույցում էլ Կարեն Կարապետյանը նշում է էլիտայի փոփոխության մասին, որը հստակ մեսիջ էր, որ որոշ օդիոզ, անձեռնմխելի անձանց հեռացումը կոնկրետ նախագծված երեւույթ էր։ Իրավիճակի փոփոխություն սկսվեց այն պահին, երբ որոշեցին իշխանությունում վերադասավորումներ անել։ Դա սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով. սկզբում գործարար մարմնում փոփոխություններ եղան, հետո արդեն՝ քաղաքական ուժերի ներսում, այդ թվում՝ ՀՀԿ-ում։ Դրանք բավականին լուրջ պայմանավորվածությունների արդյունք են, որոնք եղել են Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակելուց առաջ՝ նման ազատության, իմիջի, էլիտայի փոփոխություն, ընդ որում՝ նաեւ այնպիսի անձանց հեռացումը, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն էր»,- նշեց քաղտեխնոլոգը:
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո Հովիկ Աբրահամյանը բացահայտ կերպով չի անդամակցի որեւէ այլ կուսակցության կամ դաշինքի. «Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը ակտիվորեն կմտնի այլ քաղաքական կուսակցությունների մեջ։ Չեմ բացառում, որ որեւէ ուժի քողարկված աջակցություն կլինի, բայց ընդգծված չի միանա նրանց։ Շատ ուժեր, նույնիսկ, իրենք կխուսափեն Աբրահամյանի հետ համագործակցությունից, քանի որ այդ գործիչը հանրային ընկալման առումով շատ խոցելի է՝ թե փիարի տեսակետից, թե քաղաքական համագործակցության տեսակետից»։
Նա հավելեց, որ չնայած այս վերադասավորումներին՝ իր կարծիքով այն, ինչ հիմա կատարվում է, բավականին վերահսկելի է իշխանության կողմից եւ չի հանգեցնի կոշտ փոփոխությունների։




























