Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումը կարող էր լավ հարթակ դառնալ Հայաստանի ներդրումային նախագծերը ներկայացնելու համար, բայց այն միակ հնարավորությունը չէ։ Այս մասին Կառավարության հունվարի 26-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը ներկայացված չի եղել այդ կարեւոր տնտեսական ֆորումին, նախարարը ասել է․ «Մենք ամբողջովին հետեւում ենք այդ գործընթացներին, սակայն գերծանրաբեռնվածության պատճառով մենք այդ ֆորումին մասնակցելու հնարավորություն չենք ունեցել»։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված են եղել նախարարների մակարդակով ու խոսել են խոշոր նախագծերի մասին, իսկ հայկական կողմն էլ ունի հայ-իրանական երկաթգծի, ատոմակայանի նախագծերը՝ Կարայանը շեշտեց «Մենք ներդրողներին բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնում ենք այդ բոլոր նախագծերը ։ Այո, ես համաձայն եմ, որ Դավոսի ֆորումը կարող էր լավ հարթակ դառնալ այդ նախագծերը ներկայացնելու համար, բայց այն միակ հնարավորությունը չէ, ու դրան չմասնակցելը դեռ չի նշանակում, որ Հայաստանի ներդրումային նախագծերը ներկայացված չեն լինի բոլոր պոտենցիալ ներդրողներին»։
Հիշեցնենք, որ 7-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցել է հունվարի 17-20-ը։ Ֆորումին մասնակցել են ավելի քան հազար ընկերությունների ղեկավարներ, ավելի քան 70 երկրների, մասնավորապես «Մեծ քսանյակի» բոլոր երկրների պավիրակություններ, այդ թվում առանցքային նախարարները ու պետության ղեկավարները, նաեւ միջազգային առաջատար կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԱՀԿ, ԱՄՀ-ի ղեկավարությունները։



























