«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցած տարվա հուլիսին դատապարտյալ Աշոտ Միքայելյանին դանակահարելու մեջ մեղադրվող Արմեն Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. ավելին, տուժողը նույնպես հայտարարում է, որ Ծառուկյանն իր ստացած վնասվածքի հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց Ծառուկյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Արմեն Ծառուկյանն ու տուժողը մտերիմ ընկերներ են եղել: Տուժողն ինքն էլ է իրավապահներին ասել, որ ինքն ինքնասպանության փորձ է կատարել, եւ եթե չլիներ Արմեն Ծառուկյանը, ինքն արդեն մահացած կլիներ: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն էլ են ասում, որ նրանք մտերիմ ընկերներ են եղել, երբեք որեւէ վեճի ձայն չեն լսել, նրանց միջեւ երբեք կռիվ չի եղել, նույնը նաեւ դեպքի օրը: Գործում որեւէ ապացույց չկա, սակայն գործն ուղարկել են դատարան»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի` Ծառուկյանի նկատմամբ նույնիսկ խափանման միջոց չի ընտրվել հիմնավոր կասկածի հիմքով: Թե ինչու է այդ դեպքում նրան նման մեղադրանք առաջադրվել, Վարդուհի Էլբակյանի համար պարզ չէ:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Ծառուկյանը 2016թ. հուլիսի 27-ին ժամը 15:00-ի սահմաններում դանակով հարվածել է խցում գտնվող դատապարտյալ Աշոտ Միքայելյանին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: