Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ նախնական տվյալներով ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի կյանքին այլեւս վտագ չի սպառնում, նա ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ Ազնավուր Բալեյանը հիվանդասենյակում է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նա Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Ունի իրենից մեծ եւ փոքր եղբայրներ:

Ավելի վաղ NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ  34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միեւնույն հերթափոխում:

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջեւ առաջացել է վիճաբանություն՝  Ա. Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաեւ՝  կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը  դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին եւ նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ: