Մենք ցանկանում ենք Չինաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատել: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերից եւ անդրադարձել հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար՝ միաժամանակ կարեւորելով հարաբերությունների մակարդակի բարձրացումը: «Ես ուզում եմ, որ չինաստանյան գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Մենք ցանկանում ենք նաեւ  Չինաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատել»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ եւ պատրաստ է օժանդակել Չինաստանի   գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում: Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից:

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմը եւս կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը եւ նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: