Գործարարն այն մարդն է, ով պահում է Հայաստանը: Նման կարծիք է հայտնել այսօր` նոյեմբերի 4-ին տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ նկատելով, որ Արեւմուտքում ամենահաջողված գործարարին նստեցնում են ազգային հերոսի կողքին, քանի որ նա ամենաշատ հարկերն է վճարում:
«Հետաքրքրիր թիվ՝ Հայաստանի պետբյուջեի 80 տոկոսն ապահովում են 3000 տնտեսվարողներ, մինչդեռ ողջ երկրում 130 հազարից ավելի տնտեսավարողներ կան»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ այդ 3000-ին է պետք աջակցել:
Ըստ պատգամավորի՝ ցանկացած տնտեսվարող պատրաստ է եւ ուզում է վճարել հարկերը, բայց ոչ ավելի որոշակի N գումարից: «Առաջին, դա նրա երկիրն ու նրա բյուջեն է: Երկրորդ, այդ միջոցները նա հետ է ստանալու ասֆալտած ճանապարհների, լավ աշխատող լուսացույցների եւ այլնի տեսքով: Երրորդ, երբ սուբյեկտը վճարում է ոչ թե բյուջեին, այլ ինչ-որ մեկի գրպանը, սկսում են հայտնվել ինչ-որ «հաբռգած» դեմքեր»,- ասել է Այվազյանը:





























