Կառավարության քայլերում մասնագիտական մոտեցումների պակաս կա: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, «Նոր կառավարության ձեռնարկած քայլերն ու ՀՀ տնտեսության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ես ավելի շատ տեսնում եմ խոսք, ներկայացումներ, բայց իրական կյանքում՝ տնտեսական կամ հասարակական, փոփոխություն չկա: Դա պայմանավորում եմ երկու հանգամանքով. կամ պատասխանատուներն ունեն ժամանակի պակաս, կամ ուղղակի տեղյակ չեն եղել այդ բնագավառներից ու հիմա եկել՝ նոր հայտնագործություններ են անում: Բայց դրանք նոր հայտնագործություններ չեն, այդ խնդիրները վաղուց կան, ուղղակի սեպտեմբերին, չգիտես՝ ինչու, որոշվեց, որ պետք է դրանց մասին հրապարակավ խոսել»,-ասաց նա:
Անդրադառնալով տնտեսական աճին, տնտեսագետն ասաց. «Այն, ինչ հիմա արձանագրվում է՝ 0.5 % աճ, բոլորս գիտեինք, գիտեինք նաև, որ նախկինում ՀՀ-ում ներկայացվող տնտեսական աճը՝ 3.2 %, չկար»:
«Այս զրոյական տնտեսական աճի պայմաններում ինչո՞ւ չենք ուզում շատ ավելի ազնիվ գտնվել և ասել՝ գիտե՞ք ինչ կա, մեզ մոտ՝ գյուղատնտեսությունում, ըստ էության, խայտառակ վիճակ է, շինարարության մեջ նույն վիճակն է, և մենք ճշգրտված մոտեցումներ դեռևս չունենք՝ ռազմավարական առումով: Մենք հայտնվել ենք աննախանձելի վիճակում, մենք ձախողված երկիր ենք, որովհետև բոլոր մեր միջոցառումները, որոնք նպատակամղված են տնտեսական աճին, իրականություն չեն դարձել: Ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ավելի վատ վիճակում ենք հայտնվել՝ պետական պարտքն է ավելացել, մարդկանց եկամուտներն են պակասել, գնողունակության ավելացում չի նախատեսվում, որովհետև աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում: Եվ այս պայմաններում այդպիսի ներկայացումներ անել ու փորձել, մասնագիտական առումով՝ շատ միջին մակարդակի մոտեցումներով, ասել՝ մենք ներդրումների համար համապատասխան պայմաններ ենք ստեղծում, կներեք, ներդրումների համար ի՞նչ պայմաններ են ստեղծվում»,-ընդգծեց Վահագն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է արտաքին ներդրումներին, տնտեսագետը նշեց. «Հիմա մենք գնում ենք Ռուսաստան, խոսում ենք 300 մլն դոլարանոց հիմնադրամի մասին, բայց ինձ կարող են ասել՝ ինչո՞ւ պետք է ռուսական կապիտալը գա Հայաստան, ո՞րն է առավելությունը: Ռուսաստանում եկամտահարկը 13% է, ՀՀ-ում՝ 26%, Ռուսաստանում ԱԱՀ-ն 18% է, ՀՀ-ում՝ 20%, Ռուսաստանում իրենց ռուբլին ավելի արժեզրկվեց, քան մեր դրամը: Այսինքն՝ պարզվում է, որ Ռուսաստանում բիզնես անելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում»:


























