Ւսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պետականորեն ճանաչումը կախված է նրա արտաքին քաղաքականությունից, որը տարբեր է հրեաների հանրային ընկալումներից։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

«Ես երբեք չեմ հանդիպել հրեայի, որը կժխտի Հայերի ցեղասպանությունը։ Այսինքն՝ հանրային մակարդակում ընկալման խնդիր չկա։ Կան մի քանի հրեա գիտնականներ, որոնք Հայոց ցեղասպանության բարձրաձայնման առաջամարտիկներ են։

Սակայն կան հանրային եւ քաղաքական ընկալման տարբերություններ։ Պետք է հաշվի առնել, որ Իսրայելի արտաքին քաղաքականությունը կապված է  Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. քաղաքականությունը միշտ չէ, որ համընկնում է բարոյական ընկալումների հետ։ Բայց պետք է նշենք, որ քաղաքական առումով Իսրայելում ցեղասպանության հարցը նույնը չէ, ինչ այլ չճանաչած երկրներում։ Այստեղ ժամանակ առ ժամանակ պաշտոնյաների շուրթերից հնչում են ցեղասպանության մասին հիշատակումներ։ 2016թ. հունվարին Իսրայելի նախագահը ՄԱԿ–ում հիշատակեց «ցեղասպանություն» բառը։ Այլ հարց է, որ Կառավարությունը չի ընդունել»,– ասաց ցեղասպանագետը։

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն էլ նշեց, որ Ւսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերում զգալի առաջընթաց կա, իսկ երկու ժողովրդի հարաբերությունները միշտ էլ դրական են եղել։

«Ես 47 տարի Հայաստանում եմ ապրում, այստեղ 700–800 հոգի հրեական համայնք կա, եւ հայերի հետ միայն լավ հարաբերություններ են եղել։ Երկու ժողովուրդը պատմականորեն նման ճակատագիր է ունեցել, դա ավելի է միավորում նրանց։ Միայն միահամուռ ջանքերով կարող են հասնել արդյունքի։ Կնեսետի հանձնաժողովն ընդունել է Ցեղասպանությունը, սա մեծ առաջընթաց է, հաջորդը պետք է լինի պետականորեն ճանաչումը, որի համար շատ գործ պետք է արվի Հայաստանի եւ հայերի կողմից»,– ասաց հրեական համայնքի ղեկավարը։

Բանախոսները փաստեցին, որ ցեղասպանությունների ընդունումը միջազգային հանրության կողմից կարեւոր է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների համար հոգեբանական լիարժեքության տեսանկյունից։ Բացի դրանից, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ Հայաստանի համար Ցեղասպանության ճանաչման հարցը կարեւոր է արտաքին քաղաքականության համար։

«Հայաստանի դեպքում արտաքին քաղաքական լծակները  շատ չեն, ցեղասպանության փաստով մենք կարող ենք ճնշում գործադրել հակառակորդի վրա»,– ասաց նա։

Ռիմա Վարժապետյանն էլ հավելեց, որ ցեղասպանության ճանաչումը կարեւոր է նաեւ հատուցման տեսանկյունից. «Գերմանիան դեռ վճարում է այն ժառանգությունը, որ կորցրել էին հրեաները Հոլոքոստի ժամանակ»։

Նշենք, որ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը 2016-ի ամռանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ԴՐանից մեկ ամիս առաջ Կնեսետում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ խորհրդարանի խոսնակը նույնպես սատարել էր ճանաչման գաղափարը: Հայոց ցեղասպանության ճանաչման ամենավառ կողմնակիցներից մեկն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն է: