Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաեւ բարձրագույն զինվորական կոչումներ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ: «Հարգելի՛ պարգեւատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգեւատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի եւ գոտեպնդման մեր խոսքը:

Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին եւ մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն եւ իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր եւ հավերժական երթը:

Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են եւ մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացե՛ք, որ հայրենիքը վստահում եւ հավատում է ձեզ:

Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը»,-ասել է Սերժ Սարգսյանը: