Սեյրան Օհանյանին որպես ընդդիմադիր գործիչ չեմ պատկերացնում, գիտեմ մի բան, որ նա ուզում է, որ երկրի վիճակը կայուն լինի, նա ամենաշատը մտահոգված է բանակի համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար խորհրդական Արմեն Սարգսյանը:
Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը նեղացած է հեռացել իշխանություններից, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որովհետեւ իր գնալու օրը, երբ ներկայացվել է նոր նախարար Վիգեն Սարգսյանը, ես ներկա եմ եղել եւ ՀՀ նախագահը ներկայացրել է նոր նախարարին, մեր բոլորի ներկայությամբ, կոլեգիայի փոքր դահլիճում, ասեց, որ առաջարկվել է Սեյրան Օհանյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնները: Սեյրան Օհանյանը այդ պահին ոչ թե հրաժարվել է, այլ խնդրել է երկրի նախագահին մի փոքրիկ դադար, որ հանգստանա, քանի որ իսկապես հանգստի կարիք ուներ»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը, ՊՆ ղեկավարի խորհրդականն ասաց. «Տեսնում եմ նրան քաղաքականության մեջ, բայց ոչ ընդդիմադիր դաշտում: Հովիկ Աբրահամյանին վաղուց չեմ տեսել, չնայալ ընկերներ, բարեկամներ ենք եղել»:




























