ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման եւ օտարման ծրագրի մշակման աշխատանքները: Այս մասին նշվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ նվիրված ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները եւ պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձեւակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:




























