ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 եւ 2012 թվականներին Գյումրի եւ Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ որոշմամբ սահմանվել է նաեւ, որ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերը սահմանված վերջնաժամկետում չկնքվելու դեպքում ՀՀ սեփականությունը հանդիսացող բնակարանները (բնակելի տները) փոխանցվում են համապատասխանաբար Գյումրիի եւ Սպիտակի քաղաքային համայնքներին:

Հաշվի առնելով, որ սահմանված վերջնաժամկետում նվիրատվության պայմանագիր էր կնքել բնակարան ստացած ընտանիքների մոտ 82%-ը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն դեռեւս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կմշակվի այդ բնակարանները համապատասխան համայնքներին հանձնելու եւ դրանց հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ: