Հայաստանին ավելի խոշոր բանկեր են պետք, որոնք ելք ունեն միջազգային շուկաներ։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տնտեսագետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքով, այդ դեպքում այդ շուկաներում հնարավոր կլինի ավելի էժան ֆինանսներ ներգրավել՝ թե արժեթղթերի թողարկմամբ, թե վարկերով։ 2015-16 թթ․ ԿԲ պահանջով բանկերը ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալը (պահանջվող նվազագույնը ավելացվել է 5-ից 30 մլրդ դրամի)։ Բայց դա այն ծավալը չէ, որի հետ կարելի է գրավիչ դառնալ արտաքին շուկաներում։ «90-ականներին մեր բանկային համակարգը ամենազարգացածն էր Հարավային Կովկասում։ Հիմա Վրաստանում արդեն խոշոր բանկեր են ձեւավորվել, որոնք ներկայացված են արտաքին շուկաներում։Իսկ մենք հակառակը, հետ ենք մնացել»,-ասաց Ասատրյանը։



























