Հայաստանի իշխանությունները տարեցտարի պետապարատի վրա ավելի շատ գումար են ծախսում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է տնտեսագետ, Լեւոն Տեր- Պետրոսյանի կառավարման տարիներին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նրա խոսքով, վերջին 8 տարիներին պետապարատի վրա արվող ծախսերը աճել են 260 տոկոսով, իսկ կրթության ծախսերը՝ ընդամենը 30 տոկոսով։ Չնայած փոքր Հայաստանում գործող 18 նախարարություններից կարելի է թողնել ընդամենը 8-9-։Եվ դա ընդդիմադրի խոսքով ամենահամոզիչ պատասխանն է այն հարցին, թե իրականում ինչ են ուզում այսօրվա իշխանությունները։ «Ցավոք, ստիպված ենք ընդունել, որ նրանց հիմնական մտահոգությունը ամեն գնով ու հնարավորինս երկար ղեկի մոտ մնալն է։ Բնականաբար արտերկրյա պոտենցիալ ներդրողները տեսնում են դա ու Հայաստանի մասին կայուն կարծիք կազմում։ Նույնիսկ մեր ֆինանսապես կայացած մեր օտարեկրյա հայրենակիցները չեն ուզում վտանգել իրենց կապիտալները ։ Քանի որ նրանք տեսնում են, որ այստեղ որոշումները քաղաքականության մեջ ու դատարաններում են կայացվում։ Անկախ դատական համակարգը մնում է բարի ցանկություն։ Իսկ քաղաքական վերնախավը պատրաստվում է հերթական անգամ վերարտադրել իրեն ապրիլյան խորհրդարանական ընտրություններում»,- ասել է Ասատրյանը։