Այսօր Հայաստանում գոյություն ունի կառուցողական գործազրկություն, սակայն դրա մակարդակն այնքան էլ մտահոգիչ գործոն չէ։ Այս մասին հունվարի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Աշխատաշուկայում կրության եւ զբաղվածության փոխկապակցվածության խնդրի հայտնաբերումն ու ուսումնասիրությունը» հետազոտության արդյունքները։
Նրա խոսքով՝ 2015–ին գործազրկության մակարդակը կազմել է 18.5 տոկոս՝ ի համեմատություն 2012 թվականի 17.3 տոկոսի եւ 2010-ի 19 տոկոսի։ 2016-ի ցուցանիշը, ըստ Սարգսյանի, այս պահին դեռեւս չի հրապարակվել։ «2015–ին զբաղվածության մակարդակը 50.9 տոկոս էր՝ 1 մլն 72 հազար մարդ աշխատանք ուներ։ Գործազուրկ է եղել 243700 մարդ»,– ասել է Արման Սարգսյանը։



























