Վերջին ամիսներին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է արտաքին պարտքը, բայց տնտեսության աճին այդ գումարը ոչ մի կերպ չի նպաստել։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տնտեսագետ, Լեւոն Տեր- Պետրոսյանի կառավարման տարիներին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը։
Նա նշել է, որ 2007-ի արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը կազմել է մոտ 1 մլրդ 449 մլն դոլար։ 2017-ի արդյունքներով Կառավարությունը այն ակնկալում է մոտ 6․34 մլրդ դոլարի չափով։ «Բայց ցավոք, չենք կարող հավաստիացնել, որ զանգվածային վարկերից մարդկանց կյանքը բարելավվել է։ Մենք լսել ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն այն մասին, որ այդ գումարը ուղղված է եղել տնտեսության կայունացմանը։ Բայց ի՞նչ է ստացվում։ Մենք կոպիտ ասած, այսօր պարտք ենք վերցրել սննդի համար, որպեսզի վաղը դրա համար մեր երեխաները վճարեն։ Դա շատ վտանգավոր մոտեցում է»,- ասել է Ասատրյանը։




























