Հայաստանից արտահանման աճի մասին հաշվետվությունները վստահություն չեն ներշնչում։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ստիպված է կասկածել, որ մի մասը երրորդ երկրներից ներմուծված ապրանքների վերաարտահանումն է։ Բայց դրանց ներմուծումը չի գրանցվում, հարկերից խուսափելու համար։ Իսկ հետո «լվացվում է» արտահանման օգնությամբ։ «Այդ մասին կիսախոստովանություն է արել Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, որը 2016-ի սեպտեմբերից սկսել է զեկուցել գյուղատնտեսության ոլորտում բերքահավաքության ավելի ցածր ցուցանիշների մասին։ Դրա հետեւանքով անցած տարվա ցուցանիշների համեմատ անկումը տասնյակ տոկոսների է հասել։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել տպավորություն, որ հանրապետությունը արտահանումից շահույթ է ստանում, ու երկրի վճարային բալանսում ամեն ինչ լավ է»,- նշեց Խաչատրյանը։




























