Մարդը մարզից աշխատանքի է գալիս Երեւան, երեկոյան պետք է հետ գնա, գալիս է ավտոկայարան, պարզվում է տրանսպորտը չի շարժվելու, որովհետեւ ուղեւորներն են քիչ. սա անթույլատրելի երեւույթ է, որը պետք է բացառվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Հյուսիսային ավտոկայան կատարած անակնկալ այցի ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանգառում սպիտակ համարանիշով միկրոավտոբուս նկատելով՝ նախարարը խիստ հանձնարարական տվեց Տրանսպորտային տեսչությանը` հետեւել, որպեսզի ուղեւորներին սպասարկեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնակցել են երթուղիների մրցույթներին եւ դեղին համարանիշներով են:

Վահան Մարտիրոսյանը մոտեցավ ավտոկայարանի կանգառում հավաքված երթուղայինների վարորդներին,  հետաքրքրվեց, թե ի՞նչ դժգոհություններ ունեն:

«Ուղեւորների սակավություն: Ձմռան ընթացքում սա  մեր հիմնական խնդիրն է: Միկրոավտոբուսները կիսադատարկ են երթեւեկում: Ուղեւորների հոսքը մեծանում է միայն ուրբաթ օրերին, երբ մարզերի ուսանողները դասերն ավարտում են»,- ասաց Երեւան- Մարտունի երթուղու տեսուչը:

Ավտոկայարանի ներկայացուցիչներն էլ հայտնեցին, թե ուղեւորների հոսքի պակասը բերում է չվացուցակի խախտումների: Փոխադրողները լիարժեք չեն իրականացնում պայմանագրով նախատեսված իրենց բոլոր պարտականությունները, արդյունքում տուժում է ուղեւորը:

«Մարդը մարզից աշխատանքի է գալիս Երեւան, երեկոյան պետք է հետ գնա: Գալիս է ավտոկայարան, պարզվում է տրանսպորտը չի շարժվելու, որովհետեւ ուղեւորներն են քիչ: Սա անթույլատրելի երեւույթ է, որը պետք է բացառվի»,- նշեց նախարարը:

Վահան Մարտիրոսյանը Տրանսպորտային տեսչությանը եւս մեկ հանձնարարական տվեց` հսկողության տակ առնել ուղեւորափոխադրումների չվացուցակների լիարժեք իրականացումը:

«Առաջնային է, որ ուղեւորների մոտ բողոքներ չառաջանան»,- ընդգծեց նա:

Նախարարը վստահ է, որ եթե որակյալ ծառայություն մատուցվի, ուղեւորներն է՛լ ավելի շատ կօգտվեն հանրային տրանսպորտից:

Ավտոկայարանում կառավարչական մակարդակի խնդիրներ եւս կան, տոմսարկղի աշխատակիցն է շուտ տուն գնացել կամ աշխատանքային օրը չավարտված՝ բուժկետի դուռն է փակ: Նախարարը հանձնարարեց նաեւ այս խնդիրները շտկել: Մինչեւ վերջին երթուղու սպասարկումը բոլորը պիտի իրենց տեղերում լինեն:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվելուց հետո ընթացքի մեջ է երթուղիների կանոնակարգումը: Ավտոկայարանի ներկայացուցիչներն ասում են՝ շատ սպասված գործընթաց է, որի արդյունքում իրենց տնտեսության վիճակը շատ կբարելավվի, շրջանառությունը կմեծանա, իրենց ուժերով կկարողանան ավտոկայարանը բարեկարգել, սպասարկման որակը բարձրացնել:

Դրական տեղաշարժն արդեն շոշափելի է: Միջազգային փոխադրումներ իրականացնող ուղերթերի մրցույթներն անցկացվել են, շուտով կկնքվեն փոխադրողների հետ պայմանագրերը: Ավտոկայարանում գործընթացի հետ մեծ հույսեր են կապում. շարժը կակտիվանա: Սրանից կօգտվի ոչ միայն ավտոկայարանը, այլեւ ինքը՝ ուղեւորը. երթուղային տաքսի կամ ավտոբուս նստելիս համոզված կլինի, որ մեքենան սարքին է, վարորդն` առողջ:

Ավտոկայարանի տարածքում է գործում նաեւ մինչեւ այժմ ոչ կանոնավոր միջազգային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկը: Նրանք էլ գոհ են օրենքի փոփոխություններից: Շատ շուտով կանոնավոր փոխադրող կդառնան, սրանով ուղեւորափոխադրումների հետ կապված իրենց խնդիրները կլուծվեն: Խոստանում են տոմսերի ձեռքբերման իրենց էլեկտրոնային համակարգն էլ տրամադրել ավտոկայարանին: