Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող Գագիկ Խանփերյանը ցանկություն է հայտնել, որ դատաքննությունն անցկացվի արագացված կարգով: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Գարեգին Մարգարյանը:

«Տուժողը բողոք չունի, իսկ իմ պաշտպանյալն էլ ընդունում է մեղավորությունը եւ ցանկանում է, որ արագացված լինի դատաքննությունը: Փետրվարի 27-ին կայանալիք նիստում արդեն պարզ կլինի՝ արագացված կլինի, թե ոչ»,- ասաց Գարեգին Մարգարյանը:

Նշենք, որ 7-ամյա տղային ալկոհոլի ազդեցության տակ մահացու վրաերթի ենթարկած վարորդն ազատության մեջ էր, օրերս է նա դատապարտվել 3 տարվա ազատազրկման եւ դատարանի դահլիճից տեղափոխվել կալանավայր: Մինչդեռ Գագիկ Խանփերյանն ի սկզբանե եղել է կալանքի տակ:

Հիշեցնենք, որ վարորդին դանակահարել էր մահացած երեխայի հայրը, որին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրական եզրակացության՝ մահացած երեխայի հայրը՝ Գագիկ Խանփերյանը, 2016թ. սեպտեմբերի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանում հանդիպել է իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանին: Վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով Խանփերյանը դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, ինչի հետևանքով Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: