ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի »ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման եւ կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ թե մասնագիտական, թե սպառողներին իրազեկման հարցերում»,- ասել է ոլորտի ղեկավարը:

Բանախոսը համառոտ ներկայացրել է 2016 թվականի ընթացքում Ծառայության կողմից մսամթերքի, կաթնամթերքի, հաց-հացամթերքի արտադրության ոլորտում, ինչպես նաեւ իրացման ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները՝ շեշտելով, որ Ծառայությունը որդեգրել է իրեն վերապահված վերահսկողության գործառույթի իրականացման այնպիսի մոտեցումներ, որոնցում նախապատվությունը տրվում է ոչ թե կոպիտ վարչարարությանը, այլ համակարգային խնդիրները գտնելու-շտկելու եւ խորհրդատվությունների համակարգ ներդնելու սկզբունքներին։

ՍԱՊԾ ղեկավարն առանձնացրել է այն կարեւորագույն խնդիրները, որոնց լուծման առավել ընդունելի եւ արդյունավետ ճանապարհները գտնելու հարցում հանրության աջակցությունն առաջնային է: Մասնավորապես, որպես այդպիսիք նշել է 2017 թվականից մեկնարկող` մսի իրացման եւ գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցումը, արտադրություններում «Վտանգների վերլուծություն եւ հսկման կրիտիկական կետեր» (ՎՎՀԿԿ-HACCP) համակարգի ներդրումը, ինչպես նաեւ սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի ապահովման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ կառավարության ծրագրով նախանշված՝ սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնական ուղղություններն ու անելիքները:

Հասարակական խորհրդի անդամները եւս ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները սննդամթերքի անվտանգության ոլորտում: Մասնավորապես՝ բարձրացվել են կաթնամթերքի, մսամթերքի արտադրության, նմուշառման եւ փորձաքննության ներկայացնելու, կենդանիների բակային մորթի կազմակերպման, սահմանային կետերում բուսասանիտարական նմուշառման ու դրա համար տեխնիկական հագեցվածության, ահազանգերի դեպքում հետադարձ կապի ապահովման հետ կապված եւ այլ խնդիրներ:

Հանդիպման ընթացքում հստակեցվել են հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները, այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու են համագործակցության ընթացքում, հասարակական խորհրդի առաջին նիստի անցկացման ձեւաչափն ու ժամկետները: Բարձրացրած բոլոր հարցերը ձեւակերպելու եւ հետագա  գործողություններում (օրակարգերում) հաշվի առնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպման ընթացքում երկուստեք՝ խորհրդի անդամների ու Ծառայության կողմից, կարեւորվել է հասարակական խորհրդի շրջանակներում թիմային աշխատանքը՝ որպես արդյունավետ համագործակցության նախապայման: