Հայտնի ռուս գրող Կիմ Բակշիի «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի պատմական եւ մշակութային արժեքներին, Հայաստանի իշխանությունների համատարած անտարբերությանն է արժանացել: Այս մասին փետրվարի 2-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրքի ստեղծման նախագծի կազմակերպիչ Սուրեն Սարգյանը:

Նրա խոսքով՝ գիրք-ալբոմն առաջին անգամ ռուսերեն լույս է տեսել 2013 թվականին Մոսկվայում: Տպաքանակը 3000 օրինակ էր:

Գրքին ծանոթանալով՝ Սփյուռքի նախարարությունում հայտարարել են այն հայերեն հրապարակելու անհրաժեշտության մասին:

Տարբեր հովանավորների աջակցությամբ 2015 թվականին գիրքը հայերեն հրատարակվել է 1500 օրինակ տպաքանակով: Սակայն Սփյուռքի նախարարությունն այս իրադարձությանը ոչ մի ձեւով չի արձագանքել: Հայաստանի պետական կառույցներին բազմիցս դիմելուց հետո հաջողվել է իրացնել միայն 300 օրինակ, 600 օրինակ նիրվել է կամ իրացվել գրախանութների միջոցով: Պարզվել է, որ մնացած 600 օրինակը ոչ մեկին պետք չէ:

«Գրքի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել միայն Մշակույթի, Կրթության եւ գիտության, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները: Երեւանի քաղաքապետարանը գիրքը ձեռք չբերելը փողի բացակայությամբ է պատճառաբանել, իսկ ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ հետաքրքրված են գրքի միայն անգլերեն տարբերակով»,- նշեց Սարգսյանը:

Կիմ Բակշիի տեքստի համար լուսանկարներ ապահոված լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը նշում է, որ վիրավորական է, որ գրքի նկատմամբ պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում։  Նրա խոսքով՝ գիրքը ծանրակշիռ հետազոտական աշխատություն է, որն ընդգրկում է հանրապետության մշակութային եւ հոգեւոր արժեքները այնտեղ ապրող մարդկանց կենցաղի եւ ապրելակերպի մասին։

«Ուզում ենք, որ մարդիկ իրենց համար բացահայտեն իրական Արցախը։ Չէ՞ որ այնտեղ զարմանահրաշ տեղեր կան, որոնց մասին ոչ ոք չգիտի, եւ որոնց մասին մենք պատմում ենք գրքում»,– ասել է Բերբերյանը։

«Արցախի հոգեւոր գանձերը» գրքի վրա Կիմ Բակշին սկսել էր աշխատել 2006 թվականին։ Դա ԼՂՀ ղեկավարության պատվերն էր։ Անհրաժեշտ նյութը հավաքելու համար գրողը ֆոտոլրագրող Հակոբ Բերբերյանի հետ միասին բազմիցս մեկնել է Ղարաբաղ, եղել դժվարամատչելի  վայրերում, վանքերում, ամրոցներում, զրուցել մարդկանց հետ։ Բացի այդ, գրողը եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում եւ Անգլիայում, ուսումնասիրել գրադարանների եւ թանգարանների ձեռագրերը, որոնցում Ղարաբաղի մշակութային հուշարձանների մասին հիշատակումներ կան։