Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ:
Նշենք, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ:
Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը եւ աշխատանքային ժամանակացույցը:
Յուրաքանչյուր տարածքի համար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ, նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետեւում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ եւ հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն եւ պարզաբանումներ:



























