ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կրկին ճանաչվել է Հայաստանում առաջատար բանկը առեւտրի ֆինանսավորման ոլորտում:  Հերթական անգամ բանկին գնահատել է միջազգային Global Finance հեղինակավոր ամսագիրը: Մրցույթի անցկացմանը մասնակցել են Global Finance ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ, ովքեր ընտրել են լավագույն ֆինանսական ծառայություններ տրամադրողներին 83 երկրներում և 9 տարածաշրջաններում: 

NEWS.am-ի հետ զրույցում բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս պարգեւը բանկը ստանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Իսկ վերջին 6 տարիների ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  5 անգամ ճանաչվել է ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից՝ Առևտրի Խթանման ծրագրի շրջանակներում: Եւս մեկ անգամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Commerzbank-ի կողմից, որը հանդիսանում է գերմանական խոշորագույն բանկերից մեկը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը սկսել է զբաղվել առեւտրի ֆինանսավորմամբ դեռևս 2006 թվականին: 2007թ. միացել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Առեւտրի ֆինանսավորման ծրագրին: Տասը տարվա ընթացքում բանկը փոքր ու միջին բիզնեսին հասանելի է դարձրել արտաքին առեւտրի ֆինանսավորման գործիքներ՝ ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ, փաստաթղթային ինկասոներ՝ էապես կրճատելով ՓՄՁ-ների ռիսկերը միջազգային առևտրում:

ՎԶԵԲ-ն իր բարձր գնահատականը տվել է՝ ելնելով բանկի ակտիվությունից: 2016թ. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրել է առեւտրի ֆինանսավորման շուրջ 150 գործարք՝ 11 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր գումարի:  Ինչպես երեւում է այս թվերից, բանկի հիմնական շահառուները  հենց փոքր ու միջին ձեռնարկություններն են:

«Այժմ մենք համարվում ենք Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ոլորտի առաջատարներից մեկը: Մեր հաջողության գաղտնիքն է անընդհատ ուսուցումը: Մեր մասնագետները  մասնակցում են ՎԶԵԲ-ի և Առեւտրի միջազգային պալատի կողմից կազմակերպվող օնլայն դասընթացների, Երևանում անցկացվող սեմինարների և կոնֆերանսների՝ նվիրված առևտրի ֆինանսավորմանը: Բացի այդ, մենք նաև  մեր աշխատողներին գործուղում ենք  եվրոպական առաջատար բանկեր,  որտեղ նրանք երկու-երեք շաբաթ աշխատանքի իրական պայմաններում վերապատրաստում են անցնում առեւտրի ֆինանսավորման բաժիններում: Այսպես նրանք կարողանում են տիրապետել ոլորտի վերջին նորություններին:

Ուսուցման երկրորդ հատվածը մեր հաճախորդներն են, հատկապես՝ ՓՄՁ-ները: Խոշոր ձեռնարկությունները կարող են պահել մեծաթիվ անձնակազմ,  ունեն ավելի մասնագիտացված աշխատողներ, որոնք կարող են տիրապետել գործարքների  նրբություններին, իսկ փոքրերն աջակցության կարիք ունեն:

Իհարկե ՓՄՁ-ներն էլ  որոշակիորեն ծանոթ են այս գործիքներին,  սակայն  դրանց  կիրառման ոչ բոլոր նրբություններին են տիրապետում: Դրա համար մենք պարբերաբար կազմակերպում ենք թրեյնինգներ ու ոչ ֆորմալ քննարկումներ՝ ծանոթացնելով հաճախորդներին առևտրի ֆինանսավորման գործարքների առանձնահատկություններին բոլոր հիմնական շուկաներում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում:

Մեր մյուս առավելությունն այն է, որ գործարքի ամբողջ ընթացքում  մեր հաճախորդի կողքին ենք՝ գնման կամ բանակցությունների սկզբից մինչեւ ապրանքի առաքումն ու վճարումը: Օգնում ենք մեր հաճախորդին կազմել գրագետ պայմանագիր, ինչը թույլ է տալիս խուսափել այն ռիսկերից, որոնք կարող է ստեղծել գործընկերոջ անբարեխիղճ վարքագիծը (ապրանքն առաքվեց, բայց գումարը չեկավ, կամ հակառակը՝ ապրանքի դիմաց վճարումն իրականացվել է, բայց ապրանքը չի ստացվել): Մենք ոչ միայն խորհրդատվություն ենք մատուցում, այլեւ հաճախորդի հետ միասին հետեւում ենք թե՛ գումարի, թե՛ ապրանքի, թե՛ դրան ուղեկցող փաստաթղթերի շարժին, որպեսզի հաճախորդի մոտ որեւէ ռիսկ չառաջանա: Սա ամենակարեւոր առավելություններից մեկն է, որը թույլ է տալիս հաճախորդներին հարմարավետորեն սպասարկվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում», - ընդգծում է Հարությունյանը:

Հարմարավետության բաղադրիչներից մեկը արագությունն է: Բիզնեսին մատուցվող ծառայությունները, ի տարբերություն սպառողական վարկերի կամ ֆիզ. անձանց ավանդների, տիպային չեն եւ տարբերվում են՝ կախված կոնկրետ ձեռնարկության պահանջներից և ոլորտի առանձնահատկություններից: Ցանկացած փոքր տեխնիկական վրիպում կամ պայմանագրի կետի ոչ հստակ ձևակերպում կարող է օրերով կանգնեցնել գործընթացը: «Պրոֆեսիոնալ մասնագետների առկայությունը մեզ թույլ է տալիս խուսափել նման խնդիրներից», - հավելեց Հարությունյանը:

Նրա հավաստմամբ, այս ողջ խորհրդատվության փաթեթը չի առանձնացվում որպես առանձին ծառայություն եւ չի բարձրացնում ծառայությունների գինը:

«Մեր մեկ այլ առավելությունն էլ մատչելիությունն է: Մեր լայն գործընկերային ցանցն ու գործարքների ծավալները թույլ են տալիս նույն ծառայություններն առաջարկել ավելի ցածր սակագներով:  Թե՛ ակրեդիտիվներով, թե՛ բանկային երաշխիքներով եւ թե՛ ֆակտորինգով մենք այդ հնարավորությունն այսօր ունենք», – եզրափակեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալը: