Ադրբեջանում փախստական Հագանի Աբբասովը չինովնիկներին մեղադրել է փախստականների համար նախատեսված միլիոնները յուրացնելու մեջ։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրուցում Աբբասովը հայտնել է, որ բազմիցս դիմել է նախագահին, բայց ապարդյուն։ «Կգրեմ, քանի դեռ ողջ եմ։ Միեւնույն է նման պայմաններում ես դժվար թե երկար ապրեմ։ Երբ երեխաներս առավոտյան արթնանում են ու աչքերիս նայելով ուտելու բան ուզում, սիրտս պայթում է։ Զգում եմ, որ այլեւս չեմ կարողանում դիմանալ։ Ինչքա՞ն պետք է ես ամոթից արագ վազելով անցնեմ այն խանութների ու դեղատների կողքով, որտեղից պարտքով հաց եմ գնում։ Ինչքա՞ն պետք է ես դեռ ամոթից կարմրեմ իմ ազգականների առաջ, որոնցից պարտք եմ վերցնում»,- վրդովվում է Աբբասովը։
Հագանի Աբբասովը Աղդամից է փախել, երկու երեխա ունի։ Արդեն 23 տարի է նա բնակվում է Եվլախի հին վարչական շենքերից մեկում։ Շենքը վթարային է, ջուր չկա։ Միայն էլեկտրականություն կա։
Աբբասովը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է 70 հազար մանաթ փոխհատուցում այս 23 տարիներին իրեն պատճառված բարոյական ու նյութական վնասի համար։ «Աշխատանք չկա, ուտելու բան չկա, չնայած չինովնիկները , քողարկվելով հարկադիր տեղաբնակների կարիքներով, բյուջեից միլիոններ են դուրս գրում»,- ասում է Աբբասովը։



























