Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի եւ դեսպանատան աշխատակազմի կողմից ԱՄՆ-ի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում առաջընթացի ձեռքբերումը:
Կազմակերպությունն այսպես է արձագանքել դեսպանի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան երկու ընկերություններ ծրագրում են առաջիկա մի քանի տարիներին ավելի քան 500 մլն դոլարի ներդրումներ կատարել Հայաստանում:
Ամերիկահայերն ընդգծել են, որ հարկավոր է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Հայ դատի հանձնախումբն իր հերթին Ամերիկայի հայերին կոչ է արել նամակ ուղարկել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով ակտիվորեն աշխատել տնտեսական հարաբերությունների առանցքային առաջնահերթությունների ուղղությամբ:
Առաջնահերթությունները ներառում են կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի շուրջ բանակցություններ, Millennium Challenge կորպորացիայից դրամաշնորհի հատկացում՝ Հայաստանում կրթության ոլորտի զարգացման համար, ինչպես նաեւ Լոս Անջելեսցի Երեւան ուղիղ կոմերցիոն եւ բեռնափոխադրման չվերթների իրականացում:


























