Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում փետրվարի 2-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուեւը, Ռուսաստանի առաջատար երաժշտական բուհի ղեկավարությունն ու  բազմաթիվ հյուրեր:

Ելույթ ունենալով ներկաների առջեւ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծելով մեծանուն կոմպոզիտորի քանդակի տեղադրման կարեւորությունը աշխարհում մեծ համբավ ունեցող Մոսկվայի կոնսերվատորիայում:

«Ինձ համար մեծ պատիվ է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ մասնակցել հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությանը: Արամ Խաչատրյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը հայ-ռուսական պատմական բարեկամության անբաժան մասն է կազմում:  Մենք՝ հայերս, մեծ հպարտությամբ ենք գլուխ խոնարհում մեր աշխարհահռչակ հայրենակցի հիշատակի առջեւ», - նշեց Օլեգ Եսայանը:

Բրոնզե քանդակի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաեւ ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:

Միջառումը շարունակվել է կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Դենիս Մացուեւի համերգով:

Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային հիմնադրման 150-ամյա հոբելյանի առթիվ նվիրաբերել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արմեն Սադգյանը, քանդակի հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ Միքայել Սողոյանը: