Հայաստանի օրենսդրությունում կմեղմացնեն հարկերը չմուծելու պատճառով բանտարկության սպառնալիքը: Հայաստանի Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության է արժանացել փետրվարի 3-ին՝ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում:
Այժմ ՔՕ 205-րդ հոդվածով բանտարկություն է սպառնում առանձնապես խոշոր չափերով (2 մլն դրամից ավելի) հարկերի վճարումներից չարամտորեն խուսափելու համար: Սակայն չարամտության սահմանումը չի տրվում եւ գործնականում թողնված է հարկային տեսուչների եւ քննիչների հայեցողությանը: Այս հոդվածով քրեական գործեր, որպես կանոն, չեն հարուցվում՝ բիզնեսին բավարար է ժամանակին «հասկանալ», թե ինչպես պայմանավորվի կա՛մ մեկի, կա՛մ մյուսի հետ: Սրա հետ կապված օրինագծի հեղինակ Արդարադատության նախարարությունը փորձել է փակել մանիպուլյացիաների սողանցքը: Չարամիտներ կհամարվեն նրանք, ովքեր հաշվետվության մեջ ակնհայտ կեղծ տվյալներ կմտցնեն, հարկային բազան կրճատելու համար կեղծ փաստաթղթեր կօգտագործեն: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է բարձրացնել քրեական պատժի շեմը՝ 2-ից մինչեւ 4 մլն դրամ (մոտ 8,3 հազար դոլար):



























