Թուրքիայի հայ համայնքը Հայոց պատրիարք ընտրելու հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել Ստամբուլի հայ համայնքին։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ը գրել է, թե Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ հայ համայնքում անորոշություն ստեղծեց։ Էրդողանը Պետրոս Շիրինօղլուին հայտնել էր, թե Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը պետք է թողնել սահմանադրական հանրաքվեից հետո։
Ստամբուլի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ էլ պնդում են, թե լրիվ անտեղի է պատրիարքի ընտրությունը թողնել հանրաքվեից հետո, քանի որ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի։
Նշենք, որ Ստաբուլի հայ համայնքը երկար ժամանակ գտնվում էր պառակտված վիճակում պատրիարքի ընտրության հարցում։ Պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով անգործունակ է ճանաչված, սակայն ըստ Պատրիարքարանի կանոնադրության, Պատրիարքն ընտրվում է ցմահ։ Համայնքի մեծ մասը պահանջում էր նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի մասն էլ շեշտում էր, թե եկեղեցական օրենքն արգելու է նոր ընտրությունը մինչ պատրիարքի մահը։
Այս ընթացքում պատրիարքի գործառույթներն իրականացրել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք․ Արամ Աթեշյանը, ում ստամբուլահայ համայնքի մի մասը չի ընդունում եւ համարում է Էրդողանի կողմից նշանակված անձ։



























