Նախատեսվում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն–ի։
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե փետրվարի 3-ին, ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ եթե մինչեւ այժմ 2 մլն եւ ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ:
ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ, սրանով համաներում է հայտարարվում եւ մինչեւ 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են: Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են նաեւ «չարամտորեն խուսափել» եւ «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, որոնք, ըստ նախարարի, նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում եւ դժվարացնում ապացուցելը, թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:


























