Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին կոչ է արել հրապարակավ հայտնել ԱՄՆ կառավարության  աջակցությունը Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի պոտենցիալ դրամաշնորհի տրամադրմանը, նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ չվերթների գործարկմանը: Նշենք, որ մինչ այդ Ռիչարդ Միլսը դեսպանատան Facebook-ի էջում պատասխանել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հարցերին՝ շարունակելով ANCA-ի եւ դեսպանատան միջեւ բաց օնլայն նամակագրությունը

Համբարյանի հարցերին պատասխանելիս դեսպանը հայտնել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի դրամաշնորհն ստանալու առաջին քայլը կազմակերպության չափանիշներին համապատասխանելն է, ահա թե ինչու է դեսպանատունը կենտրոնանում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության հաստատման վրա: «Մեծ ստուգում կլինի այն, թե Հայաստանում ապրիլյան ընտրությունները որքանով թափանցիկ եւ արդար  կլինեն»,- նշել է դեսպանը:

Ինչ վերաբերում է ուղիղ չվերթներին, դեսպանը հիշեցրել է, որ ԱՄՆ դեսպանատան ու Հայաստանի կառավարության ջանքերի արդյունքում անցկացվում է բաց երկնքի քաղաքականություն, որը արեւմտյան կառավարություններին թույլ է տալիս ներկայացնել տնտեսական հիմնավորում Հայաստան օդային փոխադրումներ ծրագրելու համար»,- նկատեց նա։

Նամակում դեսպանը նաեւ նշել է, որ կրկնակի հարկադրման մասին պայմանագիրը ավելորդ է առանց Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի առկայության։ Ի պատասխան այդ հայտարարությանը՝ Համբարյանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ նման պայմանագրի բացակայության պատճառով ներդրողների ու երկու իրավական համակարգում բիզնես գործունեություն իրականացնող մասնավոր անձանց համար հստակ նորմատիվային իրավական բազա չկա։ «Դա ստեղծում է իրավական անորոշություն, ինչը վախեցնում է ԱՄՆ պոտենցիալ ներդրողներին, շեղում ներդրումային հոսքերը, նաեւ վնասում ամերիկացի բիզնեսմեններին»,- հայտնել է Համբարյանը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նման համաձայնագրեր ունի մի քանի փոքր երկրների հետ, որոնք Հայաստանից էլ փոքր են ու երկրների հետ, որոնք ավելի ցածր տեղեր են զբաղեցնում կոռուպցիայի ընկալման գործակցի Transparency International–ի վարկանիշում։