Հայաստանում ուզում են բացել ջերմոցային տնտեսության ժամանակակից դասընթացներ։ Ինչպես NEWS.am–ի թղթակցին պատմել է Ագրոբիզնեսում հետազոտությունների ու կրթության միջազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուրուտյանը, ուսումնական ծրագիրը արդեն կազմված է, հիմա արդեն անհրաժեշտ է անցնել ֆինանսավորում որոնելուն։
Իր հերթին Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նկատել է, որ Հայաստանում որակյալ ջերմոցներն անբավարար են։ Հայտնվում են նոր տեխնոլոգիաներով խոշոր տնտեսություններ, որոնց համար անհրաժեշտ են նոր գիտելիքներ։ «Նախարարությունում հանդիպումների ժամանակ ջերմոցային բիզնեսի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին,- նկատել է փոխնախարարը։
8 ամսյա դասընթացները ներառելու են 10 առարկաներ՝ բույսերի աճեցման ու պաշտպանության հարցերով գյուղատնտեսական առարկաներ, ջերմոցների անվտանգությանն ու աշխատողների առողջությանը, էներգիայի խնայողությանը վերաբերող առարկաներ եւ այլն։
«Ուսումնական ծրագիրը մենք նախապատրաստել ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ։ Պրակտիկայի համար վայր նույնպես կլինի՝ ջերմոցային տնտեսությունները մեզ հրավիրում են ցանկացած ժամանակ։ Հիմա մենք որոնում ենք մասնագետների, բանակցում ենք Նիդեռլանդների համալսարանների հետ»,- հայտնում է Ուրուտյանը։
«Ուզում ենք սկսել առաջիկա ուսումնական տարվանից կամ ավելի ճիշտ՝ առաջիկա ջերմոցային սեզոնից։ Ուզում ենք դասընթացները հարմարեցնել ջերմոցային աշխատանքներին, որպեսզի նրանց ամբողջ օրացույցը ուսանողները սովորեն սեփական փորձով»,- հավելել է նա։
ICARE -ն բացվել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցությամբ ու անցկացնում է ագրոբիզնեսի, գինեգործության նաեւ գյուղատնտեսության ու գինու մենեջմենթի ուսուցման ժամանակակից դասընթացներ։


























