Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ:
Հանրապետության Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձեւերում հանրությանն առաջարկվող ծառայություններին եւ հետագա զարգացման ծրագրերին:
Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիբոկ» սպորտային ակումբի բացումը նախատեսվում է 2017թ. ապրիլին: 2017-2020թթ. ընթացքում կստեղծվի 120-300 նոր աշխատատեղ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի արժեքը 23 մլն եվրո է, որից մինչ այժմ ներդրվել է շուրջ 19.5 մլն եվրո։ Ակումբի հիմնումը իրականություն է դարձել աշխարհահռչակ «Ռիբոկ» ապրանքանիշի հետ ֆրանչայզինգի պայմանագրի կնքմամբ:
Տարածաշրջանում ամենամեծ՝ «Ռիբոկ» սպորտային ակումբը, որի հնարավորությունները թույլ են տալիս տարեկան սպասարկել շուրջ 15.000 մշտական հաճախորդի, «Ռիբոկ» ապրանքանիշից բացի, հանդիսանում է երկու այլ աշխարհահռչակ ընկերությունների՝ կանադական «Ուայթ Վոթեր Վեստ Ինդաստրիզ» եւ ֆրանսիական «Տալիոն» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել նաեւ վնասվածքներով պրոֆեսիոնալ մարզիկների եւ ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված վերականգնողական մարզման կենտրոն՝ հագեցած ոլորտի նորագույն սարքավորումներով:
Նշենք, որ սպորտային ակումբը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, որը տակավին օրեր առաջ է դուրս եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:































