Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է ՀՀ պետական կառավարման  32 մարմինների 50 եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների  ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ եւ վերլուծություն՝ կիսամյակային եւ տարեկան կտրվածքով:

Գերատեսչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների, վերլուծության ամփոփ հաշվետվությունը կիսամյակային եւ տարեկան կտրվածքով ներկայացվում է ՀՀ կառավարություն եւ ֆինանսների նախարարություն: Պարբերաբար ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է պարզաբանումներ ներկայացնել մոնիտորինգի արդյունքում իրենց ենթակայության ընկերությունների ցուցանիշների վատթարացման պատճառների եւ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ՝ հիմք են ընդունվում կազմակերպության վնասով կամ շահույթով աշխատելու հանգամանքը, ինչպես նաեւ մի շարք հաշվարկվող գործակիցներ,  ինչպես նաեւ`դիտարկվում է եկամուտների եւ ծախսերի  հարաբերակցությունը:

2016թ առաջին կիսամյակի տվյալներով պետական մասնակցությամբ 210 կազմակերպությունների մոնիտորինգ է իրականացվել: Հիշեցնենք, որ համաձայն Հաշվապահական հաշվառման  մասին ՀՀ օրենքի, տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության ամփոփումը կատարվում է մինչեւ հաջորդող տարվա ապրիլի 20-ը:

Ցանկում  ընկերությունների թվով առաջատարը Առողջապահության նախարարությունն է՝ համակարգում գործող 22 ընկերությամբ: ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ 21 ընկերություն է, նույնքան՝  Շիրակի մարզպետարանի: Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ կա 15 ընկերություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության՝ 13: Առնվազն 3 ընկերություն է գործում յուրաքանչյուր  մարզպետարանի ենթակայությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս անդրադարձել է պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության արդյունավետության խնդրին, հանձնարարել ՊԳԿ վարչությանը` դիտարկումների հիման վրա վեր հանել անարդյունավետ գործող ընկերությունների ցանկը, արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկություններ ներկայացնել, ինչպես նաեւ ընկերություններից սեղմ ժամկետում գործարար ծրագրեր պահանջել:

Պետական գույքի կառավարման վարչությունը պետք է սահմանված ժամկետում գնահատի ներկայացվելիք գործարար ծրագրերը, ամփոփի ընդհանուր պատկերն ու բովանդակային առաջարկություններ ներկայացնի ՀՀ վարչապետին: