Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 23 ընկերություն մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում են«Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Մեր ընկերությունները ցուցադրում են մրգային եւ բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք եւ ձկնամթերք։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած տարի նույն ցուցահանդեսի մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքել մատակարարների հետ եւ նկատելիորեն մեծացրել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան:
«Օգտագործելով օտարերկրյա մեծածախ գնորդներին հանդիպելու այս արդյունավետ միջոցը, հայկական սննդարդյունաբերողներն անցած տարի հանդիպել են շուրջ 600 հնարավոր գնորդների, այդ թվում` հանրաճանաչ առեւտրային ցանցերի ներկայացուցիչների։ Նոր գործնական կապերի շնորհիվ, շուրջ 186 մլն դրամի չափով արտահանման պայմանագրեր են կնքվել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաեւ մրցույթների, հաղթում տարբեր անվանակարգերում, ինչը նույնպես ապրանքանիշերի ճանաչելիությունն ընդլայնելու, նոր գործընկերների ուշադրությունը գրավելու եւ արտահանումը խթանող միջոց է։
Սննդի, խմիչքների եւ սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, որին նախորդ տարի մասնակցել է մոտ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 000 մարդ, այդ թվում՝ գնորդ եւ մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վիճակագրություն
ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական գլխավոր առեւտրային գործընկերը՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առեւտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15.1 տոկոս է:Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս:
Հայաստանից Ռուսաստան արտահանման մասնաբաժինը հունվար-դեկտեմբերին կազմել է 20.8 տոկոս, արտահանման ծավալը՝ 371 միլիոն դոլար:


























