Այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: 

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Եվրամիության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը եւ ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, նախանշվել է հնարավոր հարցերի շրջանակը: