Անհրաժեշտ է երկրաբանական հետազոտություն կատարել, ուսումնասիրել  Տիգրանակերտի ոլորաններում սողանքի խորությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի ձգվող միջպետական ճանապարհներով շրջայցի ժամանակ նշել է «Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն  Սամվել Բադալյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներից, այս անգամ նախարարի ուշադրության կենտրոնում էին նաեւ այն ճանապարհահատվածները, որտեղ առավելապես հիմնանորոգման անհրաժեշտություն կա։

Նախարարի առաջին կանգառը Տիգրանակերտի ոլորաններում էր, որի մոտ 100 մ  հատվածը սողանքային գոտի է։ «Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն  Սամվել Բադալյանը նշեց, որ անհրաժեշտ է երկրաբանական հետազոտություն կատարել, ուսումնասիրել  սողանքի խորությունը, որից հետո պարզ կդառնա, թե ինչ միջոցների կիրառմամբ կարելի է նվազեցնել ճանապարհի վրա սողանքի ազդեցությունը։

Նախարարը հանձնարարեց ուսումնասիրել եւ ներկայացնել լուծումներ:

Սարավանի ոլորանները սպասարկող «Վայք» ճանապարհաշինական ընկերության պետ Կարո Գեւորգյանը նախարարին ներկայացրեց աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ տվյալ հատվածն աչքի է ընկնում վտանգավոր շրջադարձերով, ճանապարհի մեծ թեքություններով, անկանխատեսելի կլիմայով։

«Աշխատում ենք շուրջօրյա։ Ունենք անհրաժեշտ տեխնիկա, ապահովված են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի օպերատիվ կատարենք աշխատանքը։ Այս ճանապարհի հիմնական դժվարությունը բուքն է։ Գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ հասցնենք»,-նշեց Կ. Գեւորգյանը:

Օրեր առաջ ճանապարհի  մի հատվածը որոշ ժամանակով փակվեց։ Պատճառը ձնահոսքն էր: Այդ ընթացքում, բացի ձնամաքրման աշխատանքներից, ճանապարհաշինարարները հետեւել են նաեւ, որպեսզի ձյան մեջ արգելափակված մեքենաներ չմնան։

Նախարարը նկատեց, որ այդ հատվածում լայնածավալ աշխատանք է կատարվել: Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ ճանապարհին տեղադրված անվտանգության տարրերին, կարեւորեց դրանց անհրաժեշտությունը։

Նախարարը հանձնարարեց ուսումնասիրել եւ, ըստ անհրաժեշտության, բետոնե պարապետներ եւ մետաղական արգելափակոցներ տեղադրել նաեւ վտանգավոր մյուս ճանապարհներին։