Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
contact.az-ի փոխանցմամբ Ալիեւը հրաժարվել է խոսել Տայանիի հետ քանի որ այսօր Եվրախորհրդարանում կազմակերպվելու են բանավեճեր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Այսաստիճան ցուցադրական վարքագիծը վկայում է այն մասին, որ Բաքուն չի ուզում այս հարցերի շուրջ իր հասցեին քննադատություն լսել։
Հիշեցնենք, որ բանավեճերին մասնակցելու են երկու նախկին քաղբանտարկյալներ՝ Էմին Միլլին ու Հադիջա Իսմայիլովան, նաեւ Եվրախորհրդարանի հինգ անդամներ, որոնք կբարձրացնեն Ադրբեջանում քաղաքացիների ազատությունների ու իրավունքների խախտման հարցը։ Իլհամ Ալիեւը բազմիցս մեղադրել է Եվրախորհրդարանին հակաադրբեջանական դիրքորոշման ու Ադրբեջանի թշնամիների հետ համագործակցության մեջ։ Սակայն Բաքուն բավականությամբ վկայակոչում է այդ նույն Եվրախորհրդարանի տեսակետը, երբ այն աջակցում է իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, նշում է աղբյուրը։



























