Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հետաքրքրում է` ինչու Վերահսկիչ պալատի ծրագիրը խորհրդարանում չի ներկայացնում Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Մի ասույթ կա` իսկ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը: Բոլորդ էլ հասկացաք` ինչ նկատի ունեմ: Ինչո՞ւ ծրագիրը չի ներկայացնում Իշխան Զաքարյանը եւ կարող եք հիմնավորել Սահմանադրությամբ, որ ինքն այս պահին կարող է նախընտրական գործոնեություն իրականացնել»,- այսօր` փետրվարի 6-ին, խորհրդարանում ասաց Արամ Մանուկյանը` դիմելով ծրագիրը ներկայացնող Արա Նռանյանին, որը Զաքարյանի տեղակալն է:

Նռանյանի դիտարկմանը, թե իրավասության վերաբերյալ ինքը չէ, որ պետք է մեկնաբանի, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ամեն անգամ պատճառանաբություն եղել է, չի տեղավորվում օրենքի եւ տրաաբանության մեջ, ունեք հիմնարկի պատասխանտու, թող գա ներկայացնի. մի դեպքում ավտոբուսից ուշացա, մի դեպքում տատիկս էր հիվանդ, հետո՞: Չէ՞ որ սա Ազգային ժողով է, եւ ներկայացնում եք ծրագիրն ու հաշվետվություններն առանց առաջին դեմքի: Հարցի պատասխանը բոլորն էլ գիտեն»:

Նշենք, որ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ է նշանակվել: