Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի եւ Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ եւ դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի եւ անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները: Պարոն Ծառուկյանի կոչին մինչեւ այս պահը արձագանքել եւ համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թեւեր եւ սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը:

Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուցակցական ինտրիգների եւ պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան եւ Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջեւ առկա տարաձայնությունները»,- ասում է հայտարարության մեջ: