Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` երիտասարդ կնոջ մահվան մասին հաղորդումը ստացվել է փետրվարի 3-ին. Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայից ստացված ահազանգի համաձայն՝ Ագարակավան գյուղի 26-ամյա բնակչուհին կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Նախնական տվյալներով՝ Արագածոտնի մարզի 26-ամյա բնակչուհին ժամը 20:40-ի սահմաններում ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարեւանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից հակի թելով կախվելու միջոցով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (sպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդ կնոջ ինքնասպանություն գործելու հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




























