Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը մեղադրվում է ուսանողից կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության` Լաուրա Մկրտչյանն անցած տարվա մարտին համաձայնության է եկել նույն ԲՈՒՀ-ից դեռեւս 2004թ. 4-րդ կուրսի ուսումնական 1-ին կիսամյակից դուրս մնացած ուսանող Գոռ Հովհաննիսյանի եւ վերջինիս եղբոր` Սեւակ Հովհաննիսյանի հետ` առանց դասընթացներին մասնակցելու, ընթացիկ քննությունները, ստուգարքները եւ ավարտական պետական քննությունները հանձնելու Գոռ Հովհաննիսյանին «իրավագիտություն» մասնագիտությամբ պետական նմուշի ավարտական դիպլոմ տրամադրելու վերաբերյալ: Դրա համար ռեկտորը պահանջել եւ ստացել 900 հազար դրամ կաշառք:
Լաուրա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով նախաքննությունն ավարտվել է:




























