Բանակում զոհված զինծառայողների ծնողները փետրվարի 9-ին, կառավարության շենքի դիմաց, իրենց պատմելով ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվելուց հետո գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին՝ պահանջելով, որ ընդունելություն կազմակերպվի ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, սակայն նրանց ընդունել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարը՝ Մերուժան Հակոբյանը:
«Մերուժան Հակոբյանը մեզ ասաց, որ ամեն մի մանրուքի համար ոստիկանապետը հո չի՞ ընդունելու»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ իրենք գնացել էին պահանջելու ոստիկանապետից աշխատանքից ազատել եւ պատժել այն ոստիկաններին, որոնք իրենց քաշքշել են, փորձել են բռնությամբ մեքենա նստեցնել եւ անհարգալից վերաբերմունք են ցույց տվել՝ թքելով նրանց վրա:
«Վովա Գասպարյանը պիտի իմանա, թե ինչ ոստիկաններ կան իր համակարգում: Ասում է՝ անարժան ոստիկանը համազգեստը չպիտի կրի: Դե տեսնենք»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Մերուժան Հակոբյանը իրենց խոստացել է, որ կուսումնասիրեն դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:
«Աշխատակազմի ղեկավարը մեզ խոստացավ, որ նրանք կզբաղվեն այդ հարցով, կզննեն տեսագրությունները եւ մեզ պատասխան կտան»,-ասաց Իրինա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 9-ին, սեւազգեստ մայրերը կառավարության շենքի հետնամասում սպասել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, երբ մի խումբ ոստիկաններ նրանց հրել են, քաշքշել եւ փորձել են բերման ենթարկել ոստիկանություն:
Նշենք, որ բանակում զոհված զինծառայողների ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:




























